Պառկած կարդում եմ Սուրբ Գիրքը
առաջինը բառն է - որից հետո
շարունակ պատերազմ է
ու պատերազմ
հավերժական ճատրակ՝
զինվորները
սպասում են որ ընկնեն -
կամ ընկած են
պատմությունը լռում է
ինչպես Աստված
ինչպես ժամանակը և ամեն ինչ
ինչն անտեղյակ է ինքն իրենից
տղաներ – դո՛ւք եք երազիս մեջ
թափուր աթոռները
խորհրդավոր
ինչպես վանգոգյան կտավներում
ձեր արյան գետն է ժամանակը
մշտանորոգ
չես մտնի նույն գետը երկրորդ անգամ
Աստված պոետ է՝ հանած բառ
լռությո՛ւն է
անհայտացող տեսակ
դո՛ւք եք ճանապարհը
այսուհետ
սկիզբը և վերջը այս պատմության
լինի սրբազան
թե վարդերի - արյո՛ւն է
նույն համն է քիմքիս վրա
մետաղական
նույնն է պատմությունը
խեղանդամ զինվորի՝ ամենուրեք
նույն ծալված թևքերն են բաճկոնի
իսկ թևերը պահված ձյուների տակ
ինչպես սերմ
ինչպես սերմացու նոր պատերազմի
երկի՛ր թագավորդ մե՛րկ է
օրորոցի գող
արվամոլ
սեռաշփոթ
որ տենչում է մկան ու աղվամազ
ոչ ոք չի կարող ընկղմել
նրա փուչիկ մարմինը՝ օդով լցված
ոչ ոք չի կարող փշրել
նրա սիրտը` երկանքի քար -
ոչ մի մարդու որդի երկրի վրա
ես կարդում եմ Սուրբ Գիրքը վերջից
առաջ
ջրհեղեղը կարո՛ղ է քշել-տանել
բոլոր զենքերը խաղատուփից
ես թռցնում եմ երգս հանց աղավնի
կգամ՝ երբ ետ քաշվի արյունն այս
ամբողջովին
ու ցորենը դառնա ձվի չափ մեծ
հ.գ. ջրհեղեղը կապ չունի
ոչ էլ ձյունը
իմ մեջ եղածն է մրսեցնում ինձ