Սևամորթ քույր իմ
արևից խարկված
երկվորյակ իմ
նույն արյան գենով ստրկության
ես դեռ վաճառվում եմ ամեն գիշեր
քնում նրա հետ
ում չեմ սիրում
վաճառում տղաներիս՝ պատերազմին
սպանելու համար նրանց՝ ում չեն ատում
հաստաշուրթ աղջիկներ
նաև՝ շեղաչ
բամբակի դաշտերում
կամ բրնձի
հարազատ քույրեր իմ բոզանոցի
նույնն է պատմությունը մեր
ամենուրեք
անմեղության կռիվը՝ գազանի հետ
մի օր ճիշտ կշարեմ բառերս համացանցում
ու կտեսնեն բոլորը – միանգամից
իրական դեմքը պատերազմի
խնամված քույրեր իմ հազար-հազար
վարսավիրի հայելու մեջ
բազմապատկվող
որ չորացնում եք ձեր մազերը
էլեկտրական սաղավարտի տակ
քամի փչող
դուրս հանեք գլուխները ձեր
կրիայի պես
ու ես կպատմեմ ձեզ
ավելի տաք
քամիների մասին
անապատի
գազի խցիկների ու բոցերի
հրկիզման ճամբարներում
ամենուրեք
հ.գ. երազիս մեջ սակայն
քույրեր
դուք հայտնվում եք առանց
գանգրիչների
կարմիր դեմքերով - ահաբեկված
դժոխքից փախած աղջիկների
ու քարշ տալիս դատարան
մետաղական կմախքը պատերազմի
ապա շրջվում եք միասին
անհամաչափ չխկոցով կրունկների
լքում եք դահլիճը՝
դուրս գալիս
ու գրավում աշխարհը՝
կչկչոցով