Սեղմում եմ կոճակը կառավարման
ու մատուցվում է ինձ պատերազմը
սուրճիս հետ
անկողնուս մեջ
կրակոցը ընդհատվում է
գովազդով նոր տեսակի
շրթներկի
իսկ քիչ հետո
օրորվում է կրկին մեխից կախված
հակագազը փղի կնճիթի պես
գարուն է… ու սակայն
արնագույնը ագրեսորի նման
հետզհետե ընդլայնվում է էկրանին իմ
ծառի տակ ընկածը զինվոր է
ոչ թե չհասած միրգ
կարկտահարված
մի տերևներին տես քրտնած
ճյուղի վրա
ասես իրենք են մաքառել ամբողջ գիշեր
կեսգիշեր է… TV-ն անջատվում է
ընդհատելով մետաղական ճիչը
զինվորի մոր
ես կամովի հավատում եմ
որ կինո էր
պատերազմը
ու
ետնաբեմում
արդեն փոխվում է մարտիկը
հայելու մոտ
այտովս շոյում եմ մետաքսը
նոր բարձիս
մազերս նախ կողքի հավաքելով
գարուն է…
մանուշակի օրինական սեզոնը
Երկրի վրա
չկա՞ մի բառ
հոգոց կամ ձայն
որ վերջ դներ
պատերազմին
ինչպես օրգազմին նախորդող բառ
որով ավարտվում է սերը
անսպասելի
բայց էկրանիս վրա դեռևս
մանկապարտեզ է ասես թե
քնի ժամին
մանկադեմ զինվորներ են
թեք պառկած կողք-կողքի
ճերմակ սավանի տակ
մաքուր ու հերմետիկ
ինչպես ձյուն