top of page

Շեհերազադեն անապատից

Տեր եմ - խոստանում է Դեր Զորը

(երկրորդ ամուսինս - յաթաղանով)

հնազանդ եմ - ստում եմ ես

հանուն ոսկորների հանգստության

ու շոյում - համբուրում եմ

կեղծավոր

մեղավոր ճակատը անապատի


քիչ անց

երբ քնի դեղին դևը

ես քեզ կպատմեմ ողջ եղածը

ինչպես Շեհերազադե անապատի 


շշշշ - քնեց - լսո՞ւմ ես խռմփոցը 


ես խրում եմ աջ կուրծքս

ավազի մեջ

ու սպասում մինչև կշտանա

վերջին մանուկը բարուրի մեջ

ապա թեքվում եմ ու կրքով

տրվում տղաներին կույս  

ավազի տակ

 

հիմա - երբ ուրախ են բոլորը

ես կարող եմ շրջվել մեջքի վրա

երկինքը - թուրքական դրոշ

մեկ աստղ ու մեկ կիսալուսին


տե՜ր եմ - լսվում է նորից

ձայնի  արձագանքը ուշացումով

հնազանդ եմ - ստում եմ ես

հանուն անցավորաց

միլիոն ու կես


առավոտ - զարթնել է անապատը

երգում է ամեն բան ավազի տակ.

քամին երգում է սրբելու երգ

մրջյունը երգում է բեռնակրի երգ

կմախքները երգում են հորովել

աշխատանքի երգը - երկնքի տակ

այսօր կմնամ այստեղ 


ահա անապատը մեկ դար անց

ավազը՝ ձեռագործ ծածկոց

հյուսված  ոսկորներից նախնիներիս

դուրս քաշիր մեկին ու անընդմեջ

կելնեն շարեշար - բոլոր

մեկուկես միլիոնը 

հաջորդաբար

ինչպես քանդվող բրդե շալը

տատիկիս արագ 

                        ձեռքերի մեջ


հիշողությունս՝ ավազե գեղադիտակ

շարժվում են ոսկորները շխկշխկոցով

աստղաձև

եռանկյուն

ապա՝ կլոր 

քիչ անց աննկատ վերածվելով

լուսե բազմանկյան հազարագույն


ահա անապատը մեկ դար անց

փակում եմ աչքերս 

ու Տերն է

մինչև ծնկները խրված ավազի մեջ

փորձում է հասնել-

փրկել

դա՛ է գործն Իր

բայց ինչպե՞ս  ... դու ասա... իրոք՝ ինչպե՞ս 

bottom of page