top of page

Միտքս անսարք տեսախցիկ .

Միտքս

անսարք տեսախցիկ

ժապավենը պտտվում է

շխկշխկոցով

ամեն բան մոխրագույն է

կամ սև

բացի արյունից չմակարդվող


ամեն բան թրթռում է

ապա անցնում

պապիս տունը բարձրում

վանա կատուն

ժանյակե հարսնաքողը հորաքրոջս

նախ թռչում է կտուրե-կտուր

ու հրաշքով փրկվում

ծխնելույզի մեջ

հարևան տան


ոսկով լի պուլիկն է այնուհետ

մուլտիկի պուլիկի պես

ցատկելով կորչում բուխարիկում


մնացածը խզզոց է ու ձև

պատմությունը բոզ կին է`

կրծքի տակ

ապրիլը`

նեղ գոտի ցավեցնող


խաչակիր մարմիններ զույգ-զույգ

խաչաձև նետված միմյանց վրա

մի քիչ էլ լռություն ու

կրկին

քահանա պապս է

խորանից

հարցական նայում աչքերիս մեջ


գենոցիդ կասի՞ Օբաման

գովազդից հետո

պատերազմի


մինչ տատս ընթացքում անփույթ

բարձիկի վրա ասեղնագործ

կորչում է

երևում ու

կորչում

լվացվող գույներով

պարբերաբար

իր կողքին` վանա կատուն

գունավոր աչքերով

կանաչ-կապույտ

bottom of page