Հիշողությունս - կույր խոփ
մթության մեջ
շարժվում է - մինչև դիպչի
հարազատ մի ոսկրի
ավազի տակ
ու լռվում... կանգնում է
անակնկալ
Դեր Զոր
ստորգետնյա որբանոց
լաց
լաց
այսօր ես կմնամ այստեղ
(հարդարում եմ ավազը
անկողնուս պես)
ու կերգեմ օրոր նրանց համար
ում գիտեմ ջարդի նկարներից
ընտանեկան
սա տատիդ քույրն է
Հուշիկը
ճերմակ ատամներով
մարգարտաշար
մահացավ հրեշտակն այս
անապատում
գիտե՞ս ... դու նրան նման ես շատ
գունավոր պուտիկներով - աչքերիդ մեջ
սա Նատոն է – թևատված սոխակ
չես լսել երբևէ այդպիսի ձայն
(ա՜խ .... ոնց եմ սիրում ես - Աստված իմ
մորս ժպիտը՝ ցավից ծնված
որ հասցնում էր խառնվել լույսի հետ
նախքան լրիվ պոկվելը շրթունքներից)
օրոր Հուշիկին հրեշտակ
ճերմակ ատամներով մարգարտաշար
օրոր Նատոյին չքնաղ
անթև սոխակին անապատի
օրոր և Շուշիկին նախշուն -
օրոր բոլորին
ու
շարժում եմ
Դեր Զորը՝ օրորոց հսկայական