Կա մի գետ արյան - որի մասին
չի նշվում երբեք Սուրբ Գրքի մեջ
սա՝ իմիջիայլոց
իսկ իրականում - հոգնե՛լ եմ այս ամենից
ես ուզում եմ դրախտ վերադառնալ
լինել անամոթ ու մերկ՝ ինչպես Եվան
(պարանոցս խեղդվում է ողբազգեստից)
ուզում եմ վերստին կին լինել
հավերժական գայթակղողն այս պատմության մեջ
չեմ ուզում կրկնվել հայելու մեջ
հանց հերթական Պիետա
ծնկիս վրա սառած մինուճարով
չեմ ուզում վատնվել
բարձրանալով
Սիզիփոսի
աստիճանով
պատերազմի
ես ասում եմ սա- քանզի գիտե՛մ -
զրուցել եմ նրանց հետ երազիս մեջ
կանչել ոգիները նրանց - սեղանի շուրջ
քանզի քայլել եմ քառասուն օր
մեռյալների հովտով մինչև Դեր Զոր
պատրաստ մերկանալու մի կում ջրով
(տառապանքը չի՛ վեհացնում ամեն անգամ)
քանզի ես էլ նեղացած աղջկա պես
շրջվել – նետել եմ
Եփրատի մեջ
նորածին մանկանս՝ ինչպես ծաղիկ
հ.գ. զեխ արաբական երազներիս մեջ
նույն հարեմն է միշտ
ու նույն փաշան
որ գալիս է խեր-շառ անելով
կուսաբույր թզբեխն իր պտուկաշար
ու լկտի նայում աչքերիս մեջ