top of page

Լաց մի լինի ինձ համար, Երևան

Հիշում եմ

և այն էլ՝ հստակորեն

շշուկով խոսելը պատի տակ

ուս-ուսի կանգնած տղաների

ապա - միանգամից

                               կտրուկ

համաչափ շրջվելը գլուխների

(ինչպես պարանին ձմեռային -

                                               շարված ծտեր)

և քայլելն եմ հիշում իմ

այնուհետ

կարծես թե քամուց արագացած

ու ճիշտ է՝ չեմ հիշում տղաների

ճշգրիտ անունները այս վայրկյանին

(ես չեմ էլ իմացել դա երբևիցե)

նրանք կոչվում էին բակի տղերք

սակայն կճանաչեմ փակ աչքերով

ու կզատեմ բոլոր քամիներից

                                               այն մեկը

որ ծնվում էր նրանց գլուխների -

արագ

շրջվելու պատճառով

միանգամից

ու ծածանում կոնքերս

մինչև կանգառ


կճանաչեմ

իհարկե կճանաչեմ

հիմա՛ իսկ - թեթև լարումով

                               ոսպնյակներիս

ես տեսնում եմ նրանց ահա

ժամանակից մաշված նույն փողոցում

գլուխ գլխի դեռևս քչփչացող

բակի այն սևազգեստ տղաներին

                               ինչպես ողբացող կանանց

մտացածին ինչ-որ դիակի շուրջ

bottom of page