Դու տեսե՞լ ես- ընկեր
երբևիցե
Վանի արևը շառագունած
բիբլիական մի լեռ
գերության մեջ
առևանգված տապան
ջրհեղեղի
փշալար՝ դրախտի պարտեզի շուրջ
խենթացած լուսին տեսե՞լ ես
ընդհատված ալելույա
և ճիչ
որ հնչի անընդմեջ
մի ամբողջ դար
արև-փահլևան տեսե՞լ ես
մի ոտքով կանգնած խաչի վրա
ա՜խ Թամար լսե՞լ ես
լճի երգ
զմրուխտե ջրերի ափսոսանք
և կամ հորովե՜լ
որ սկսում է
եզների գովքով ու ձգվում
մինչև հորիզոնի կարմիրը-
ոսկեծուփ արտերի միջով
չե՞ս տեսել
դե ուրեմն ի՞նչու ես
ինձ նայում այնպես - կարծես թե
տեսել ես դու իրոք մի օր
Վանի արևը շառագունած
ամբարը
ոսկին
ցորենը
թռչող հարսնաքողը
տանիքից վեր
Կոմիտաս
Սոնա
տատիս
խառնված միևնույն շուրջպարի մեջ
կարծես թե դու էլ տեսել ես
Մհերի դռան մոտ - դեռ նոր
վերջին շյուղը բնի մեջ դրած
անհոգ արագիլներ երկու
երկնքում ազատ սիրաբանվող
կներես ... կարծեցի տեսել ես
քամին...
հարսնաքողը...
տատիս-լուսնի շողերից փշաքաղվող
նուրբ աղվամազը երջանկության