top of page

Արհեստավարժ սգակիրներ

(ապրիլյան հավաք Գլենդելյան այգում)


Ամպերը

թախծոտ կոպերի նման

կախվել են

անշարժ երկնքի դեմքին


բարկացած քամին

մուրացկանի պես

վշտի տոպրակը

քսում է

ամեն անցորդի քթի


այգում

ծռմռված սեղանների շուրջ

կաղ աթոռները

փոխանակում են

վաղուց ժանգոտած

հուշերի փոշին 

և մարազմատիկ

ծերերի նման

առանց նայելու իրար աչքերի

պատմություններ են

պատմում

օդի մեջ

որ մոռանում են

հենց հաջորդ պահին


անշարժ

կոմատոզ

պատուհանից դուրս

սև ստվերները

վարժեցված որսի

շների նման

իրենց ետևից

դանդաղ քաշում են

մութ ակնոցներով

□իմաստուններին□

անկապ ուղղությամբ


խեղդվում է հողը

քթածակերում

մակարդված արյամբ

իսկ

արհեստավարժ

սգակիրների

փարթամ

թափորը

հին

համր

ֆիլմի

դանդաղ

կադրի

պես

նոր ծաղկեփունջ է

դնում

իր պարտված հույսի աճյունին

ու

հեռանում է

անձայն քայլերով

ինչպես փորձված

մայրն է հեռանում

մի կերպ քնեցրած

երեխու մոտից


չարթնանա՜… հանկարծ


այսօր ի՞նչ օր է



bottom of page