top of page

Առանց հիշողության

պատերազմում զոհված սիրածիս

Հիշողություն չկա այլևս

այն մահացավ քեզ հետ՝

Պակիստանում

նայում եմ նկարիդ ու ըստ այդմ

հորինո՛ւմ աղոթքս - Հիսուսի պես

հայացքս -

թռչունի արագ գլուխ

նետվում է մեկ աջ

մեկ ձախ

շրջվում ձայնի կողմը

կամ պայթյունի

հանց նորածնի հայացք

բնազդական

պատուհանից այն կողմ-հիմա

մառախուղը ցրվում է

կամաց-կամաց

կյանքի պատառիկներ ահա երևակվող

մարդ կա՛

հեծանիվի վրա - այնուհանդերձ

նախ գլխարկն է երևում

ապա

տղան

հիշո՞ւմ ես ինչպես անկողնու մեջ

ծալապատիկ

պիցցա էինք խցկում

միմյանց

բերանի մեջ ու ծիծաղում

ինչպես երկու կապիկ

բաց լնդերով

չկարծես հիշողությունս է

վերականգնվում

նոր նկար եմ գտել օրագրիս մեջ

քահանան խնդրեց

Երկնավորին

(ուղիղ եթերով՝ Պակիստանից)

ընդունել իր հերթական կես-ծառային

ռումբն արդեն տարել էր մյուս կեսը

Տերն այժմ

մնացածն էր բարձրացնելու

հիշողություն չկա՜- ու դրանից

տեսողությունս է սրվել

անտանելի

ես տեսնում եմ անդրաշխարհը

ինչպես որ կա

մահվան վերածվելը - հետզհետե

հողակցված ժամանակի`

բաց վարդագույն

որն անցնում է կոկորդից կոկորդ

ու թափանցիկ է ինչպես որդ

bottom of page