top of page

Անապատի հարսն եմ ես

Անապատի հարսն եմ ես

                               հարյուրամյա

արնած աչքերով խելագարի

ես ծնվել եմ չքնաղ

                               կույս Թամարի

յաթաղանով խլված

                               կուսությունից


այսօր իմ հարսանիքն է

                                               տարա - նինա՜

ծփում է Դեր Զորը քողիս հետ

որպես մեկ ճերմակ ամբողջություն

մեկուկես միլիոն ուրվականներ

պարում են շուրջս

աղերսելով

որ մնամ այստեղ - իրենց կողքին

մնալը կմնամ

արդեն պարզ է

ես թաղում եմ կոշիկներս

ավազի մեջ

ու որսում արմատներս

միանգամից

մետաղե կարթերով կրունկներիս


այսօր իմ հարսանիքն է

                   տարա - նինա՜

                   տնկված եմ մեջտեղում

                   փշեփնջով

                   չեմ գնում

                               խելա՞ռ եք

                   ես ծառ եմ


                   ե’ս եմ անապատն այսօրվանից



հ.գ.  .... քիչ անց շպրտում եմ  ավանդաբար

տարոսի փշե փունջը

                               ուսովս ետ

հույսով

որ այն կկորչի   

սև խոռոչի մեջ տիեզերքի


bottom of page