top of page

(կամ հորս «ենթադրենք»-ով սկսվող հարցերի հիշողությամբ.

ի՞նչ է Աստված, մահը, պոետը եւ այլն)

– Ենթադրենք ժամանակը նավ է

որ քամու ուղղությամբ քեզ քշում է

դեպի ծովի վերջը

պարտաճանաչ

իսկ Աստված

բացակա մեկ աչքով

պարծենկոտ ծովահեն

բավականին ծեր

ում մորուքը քաշում է պարբերաբար

անամոթ մի նավաստի

ու ծիծաղում

ի՞նչ կանեիր դու

պոետ աղջիկ

մտածել չկա

արագացրու –

հարցրեց հայրս երբ ես

ծածուկ մտածում էի մահվան մասին

ենթադրենք թե ես Մոխրոտն եմ

սիսեռի փոխարեն` տառեր

ես կրում եմ մահկանացու լինելը իմ

որպես պիտակ

«Պատրաստված է մահանալու համար»

մեկընդմիշտ փակելով մահվան հարցը

որ միտք չծախսեմ այսուհետ դրա համար

ի տարբերություն ասենք սրա

որպես ի՞նչ կընդունեիր եթե

դու մտնեիր երկինք ու Աստված կանգներ

որպես հարգա՞նք

զարմա՞նք

զայրո՞ւյթ

թե՞ որպես բնույթ աստվածային

թեկուզ վստահ եմ` հայրս

այս դեպքում էլ կասեր

արագացրու

միտքը կարճատես է դարձնում միշտ

ու նա վերստին կլիներ ճիշտ

տիեզերքը չի՛ կարող առանց Աստված

եւ սա երեւում է ավելի լավ

օդանավի պատուհանից առավոտ շուտ

տեսնո՞ւմ ես ամպերի lego-ներով

ճշտորեն հավաքված հսկային այն

ում ճերմակ մորուքը կիսով չափ

ծածկել է կուրծքը

կոչենք նրան Աստված

հ.գ. 1 ենթադրենք ես Մոխրոտն եմ

սիսեռի փոխարեն` տառեր

խրախճանք

թագավորի տղա

կոշիկ չկա

ոչ մի հույս երբեւէ ազատվելու

խորթ մորս ձեռքից անկարեկից

հնարամիտ

հնարամիտ

ինչպես Աստված

հ.գ. 2 բացատրել հազիվ թե կարողանամ

բայց գոնե գիտեմ ես հստակորեն

թե ի՞նչ է զգում իր սրտիկի մեջ

գաղթող թռչունը այն

որ մնաց ամպի տակ lego Աստծո


bottom of page