top of page

Դու ինձ երբեք չես ճանաչի ամբողջովին

(ընթերցող խոսքս քե՛զ է վերաբերում)

հազար ու մի սխալ սկիզբների շքերթ է

գիրն այս բայց իմ թղթից դու կառնես

մի համառոտ հոտ

(բավական հագեցած ու նոր)

ինչպես խանութում գովազդվող

Perfume-strip-ից

որը դու կմոռանաս դռների մոտ

ընթերցո՛ղ չփորձես կարեկցել ինձ

մոռացումիդ համար երբեւիցե

քանզի դա քո՛ պարտությունն է

ու իմ հաղթանակը

ես կասեի

մի ամբողջ կյանք եմ դրել ես դրա վրա

որպեսզի դո՛ւ կերտես ինձ քո ճաշակով

բացարձակ զրոյից

ինչպես Աստծուն

ինձ չփորձես փրկել

անիմաստ է

իմ փրկիչը բառն է ամեն ինչում

լինի դա օրհնություն

թե հարություն

այլապես ինչպես ցանկացած սուրբ

ես պարզապես փոշի եմ

մոխիր ու

մեղք

հ.գ. Աստված իրոք ապրում է իմ գրչի մեջ

Տեր… խնդրում եմ… կարո՞ղ ես ապացուցել

ահավասիկ ձեռքս… խնդրում եմ… Հայր…


bottom of page