(այն մասին, թե ինչպես ջրահարս դարձա ես)
Սպասե՛ք – թող անցնի ալիքը
երբ ծովը խաղաղվի կպատմեմ ձեզ
թե ինչպես մեղեդին նստեցրեց մեզ
հանդիպակաց աթոռներին
(ինչպես տարաբեւեռ երկու մագնիս)
նախ հրդեհն էր մեր ոտքերի միջեւ արդեն
ապա նա
սառցի խորանարդներ լցրեց բաժակիս մեջ
կոկոսի կաթնագույն-կպչուն նյութը
ցայտեցնելով դեմքիս վրա ամբողջովին
քամի՛ն էր
նա արդեն գնացել էր
երբ դուռս ճռռաց խղճահարույց
հանց խորացող գործիք անհուսության
այսպիսի պահերին ես սիրում եմ
լող տալով հեռանալ վայելչորեն
տառապանքի խայծից երեւացող
պոչովս հընթացս նոսրացնելով
անտանելի խտությունը զգացածիս
այդ օրվանից ջրահարս եմ ես
երկկենցաղ կին եմ ավելի շուտ
կրկնակի մենակ եմ
քանզի նա
բացակա է ջրիցս ու ցամաքիցս
ների՛ր ինձ եթե կարող ես
(գիտեմ` արածս սիրուն բան չէ)
բայց երբ հանդարտվում է ալիքը
ձկներին պատմում եմ հաճախակի
քո փորձի մասին «վերջացնելու»
մեղեդու կամրջող այն մասի մեջ
հեւիհեւ շնչելդ ու ջրի մեջ
փչելդ հետզհետե արագացող
մանր պղպջակներ ծիծաղելի