(կամ «երկու արծիվ» –
թեպետ դու ինձ դեղձանիկ էիր կարծում այդ ժամանակ)
Տարիներ անց – երբ դու
դուրս ես արդեն վաղուց
այս քարտեզից
կախվիր պատուհանից –
կանաչ դրախտիդ սահմանամերձ
(արծիվը չէր տեւի այդքան` բոցերի մեջ)
ու տես
Արարչի վերադարձն Իր զրո կետին
բաժանելը լույսի ու խավարի
խնձորը
Եվայի արտաքսվելը և այլն
ընդհուպ մինչև աշունն այն
ու երկնքում
մերձեցումը երկու թռիչքների
հապճեպ սակայն ճշգրիտ
ինչպես կցվելը երկու արծիվների՝
ճախրանքի մեջ
առանց նախնական սիրախաղի
պաղ ու կենդանական
ստուգարքի պես արյան
բնազդի
ճշգրտության ցուցանք –
հենց կենտրոնում
սերմի ցփնվելը քարի վրա
որից հետո բաժանվելը կրկին
երկու թռիչքների
տարբեր հավերժներով իրարամերժ
հավատարիմ միայն իր տեսակին
հաշվետու երկնքի գեղեցկության առաջ միայն
շրջվել-հեռանալը նրանց վայելչական
առանց ողբերգություն դարձնելու
առանց «կտուց կտցի» տեսարանի սրտաճմլիկ
առանց հասցեների փոխանակման
պատրաստ չտեսնելու միմյանց այլևս...
երբեւիցե
հ.գ. իսկ մեր հոգիները դեռ կհանդիպեն
ապագայում մի օր – քո դրախտում
կամ մեկ ուրիշ վայրում հաղթանակի
Նվիրում եմ հնգամյա երկնաբնակ ընկերոջս՝ Վահանին