(կամ երրորդ աչքով)
Իրիկնաժամ – տարօրինակ հայացքով մի
որ մշակել եմ
հենց այս օրվա համար հավանաբար
տեսնում եմ` պատշգամբիս տակ
(մագլցող վարդերի մեջ անմիջապես)
Մարմինս
ու
Հոգիս գիրկնխառն
մահվան համբույրի մեջ բաժանումի
երկուսն էլ հավասար շվարած
երկուսն էլ վախեցած հավասար
թե ոնց են անելու կամ ինչ
միմյանցից անկախ այսուհետ
աջ կողմից հառնում են թատերաբար
դժոխքի դարպասները շքեղ
գայթակղելու համար դրսից պատված
կարմիր թավիշով- որը ի դեպ
եզրերում դառնում է ավելի ալ
ու
բացվում են դռները սահուն
վեհաշուք լռությամբ հաշվարկելի
հանց վիրտուալ վարդը
գովազդի մեջ
մինչդեռ դրախտի դռները
որ հայտնվում են ձախից
ավելի ուշ
ձեռքի գործ են ինքնուս հյուսնի
պատրաստված անմշակ-թափոն
սովորականփայտից էժանագին
Հոգիս ու Մարմինս են դեռ ներքեւում
բաժանման համբույրի մեջ ահագնացող
ու ես` պատշգամբից կախված
պարզապես նայում եմ ու հիանում
լինելու բանը կլինի
այս հարցում ես մտածում եմ
դայակիս պես