top of page

ՍԻՐԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ՝ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

…Շերտավոր վարագույր ու

պատուհանից

տեսնում եմ ծաղկելը խնձորենու

հալվել-ներծծվելը կարմիր ձյունի

վերադարձը գաղթող թռչունների

օրը՝ հագեցած փետուրներով

թիթեռների սիրախաղը՝ առանց ամոթ

սա դրախտն է

իհարկե` մեղքից առաջ

անկողինս` թակարդ ընդդիմության

պառկած եմ հոգնած – բայց երջանիկ

ինչպես ծննդկան կին առողջ երկվորյակի

մ ա ր մ ի ն ս ն ե ր ա ռ վ ա ծ

ա մ բ ո ղ ջ ու թ յ ա մ բ

թշնամի ոտքերի

սուրանկյան

մ ե ջ

հանց գրազի ոսկր հավերժական

մի կուրծքս սատանայի բերանի մեջ

մյուսը Աստծո

երազում եմ մեկ ուրիշի մասին –

աղվամազով

ես հանճար

ես բոզ

ես կույս

փրկել եմ տիեզերքը ակամայից

երկինքն ու երկիրը սրբել

տգեղ-անպտուղ տառապանքից

քահանան չի՛ օրհնի պատերազմը

այրուձին չի՛ հարվածի այլևս մեզ

ամեն բան կատարյալ է ու վես

ես թագուհի

ես մայր

ես կին

ու երգում են շուրթերս ակամայից

– կանգ առ… օ՜ վայրկյան –

դու չքնաղ ես

հ. գ. ա՜խ որքան նման են ձեր ժպիտները

իմ խաղաղ ու արդար վերմակի տակ

իսկ եթե ճշգրիտ իմանայի

շերտավոր դրախտիս հեղինակին

հոգնությունս մոռացած

կթեքվեի

ու երկու կաթիլ կաթ

կկաթեցնեի

Աստծո չլսող ունկերի մեջ

իսկ մինչ այդ՝

միայն

օրոր-նանի…

հ. գ. 2 սեղանիս չոր թանաք ու դեղին թուղթ

նաև սև թիկնոց մեխից կախված

արդյոք սա նույն վա՞յրն է

որտեղ Ֆաուստը

իր հոգին վաճառեց սատանային…

(դուռն իրոք ճռռա՞ց …. թե՞ ինձ թվաց)


Ստեփանակերտ, ապրիլ 2016


bottom of page