(ո՞վ, եթե ոչ` պոետը)
Ինչպես Հերմես
պատգամաբերը բոլոր աստվածների
որ լուր է բերում պարբերաբար
աննյութեղեն գոյի տիրույթներից
որպես Աստծո մեջ ապրող մարդ
եւ Աստված
որ ապրում է մարդու մեջ
ինչպես հաղթողը հաղթողի դեմ
այսքանով հանդերձ
ես հայտնվել եմ այս խաղի մեջ
ձայնի՛ս պատճառով հիմնականում
ես Քո սպորտային մեկնաբանն եմ
Հա՛յր
եւ թույլ տուր բարձրաձայն ասել
այդ գործի համար
չէիր գտնի մեկ ուրիշին ինձանից լավ
երբ ես շատ փոքր էի
Ջականա էր կանչում ինձ տատս
Հիսուսի թռչունի անվամբ
բարակ ոտքերիս համար
այնքան արագ
որ կարող էի վազել ջրերի վրա
համարյա չդիպչելով տերեւներին
հասնել գետի մյուս ափն ու վերադառնալ
ձեռքերիս մեջ բրդի փրկված
աջ ու ձախ քուլաներ չփչփացող
իսկ ներբաններս` չոր բոլորովին
դեռ ականջիս մեջ է տատիս ձայնը
Ջականա սա տար
սա բեր
Ջականա չթրջվե՛ս հա
ենթադրենք այսքանն էլ բավական չէ
բայց ո՞վ ունի պատճառ ավելի լուրջ
ո՞վ էր ազատելու մարմինդ
ինչպես սեղմված պտուղ երկու կողմից
առեղծվածի միջեւ
ու
հավերժության
այդ ո՞ւմ էր ավելի պետք
վաղնջական լռությունից զատել
ձայնդ` խառնված քամիներին
ո՞վ էր առավել զգուշությամբ
վերցնելու իր հավատավոր մեկ ձեռքի մեջ
բառը` ինչպես մաքրամաքուր մանուկ
ու մյուսով ջերմեռանդ կնքելու այն
մեռոնով` պատրաստված ծաղիկներից
իր արհեստավարժ ցուցամատը
քնքշորեն
բայց լուրջ պտտեցնելով
ճակատի մեջտեղում
թեւերի տակ
թաթերի վրա
ու պորտի շուրջ
թույլ տուր լռությունդ ընդունել որպես նշան
հ.գ. ընդունիր նաեւ որ սրա համար
ոչ միայն ձայն էր պետք
եւ կամ շնորհ
այլ նաեւ անփորձի կիրք
կյանքում առաջին անգամ
մինչեւ ականջների ծայրը սիրահարված
մի հիմար
շատ հիմար աղջնակի