(կամ մորաքրոջս լքված տունը)
Քարաշեն այս տանը
երկհարկանի
ժամանակն անցնում է
թխկ-թխկոցով
սկսած այն օրվանից
ինչ չկա
վարպետ Խաչատուրը
աշխատասեր
ծխախոտը միշտ բերանին
ու ձեռքին` մուրճ
ցերեկները նա քար էր տաշում
գերեզմանի
իսկ գիշերները` ծեծում մորաքրոջս
վայրենաբար
ճաշի աղը մոռանալու համար
կամ` շատության
հեկեկում էր Սաթենիկը
անիծելով
ոսկի մատները նրա
մեկ առ մեկ անիծելով
կրկնելով նույն բանը անընդմեջ
որ ինքն էլ մարդ է չէ՞
մարդ է չէ՞ ինքն էլ
վերջիվերջո
մինչդեռ հայրս լռում էր
ինքն իր մեջ
համոզված հաստատապես
որ հարվածելու նույն կիրքն է
(ճիշտ նույնը)
նրան դարձրել քարտաշ
այնքան վիրտուոզ
ժամանակը դեռ անցնում է
թխկ-թխկոցով
թեկուզ վաղուց չկա նաեւ ինքը`
մաքրասեր մորաքույրս
կապտած ուսով
փոշու շորը միշտ զենքի պես
կրծքին պահած
բարկությունը` բռնված մուկ
ավելի տակ
որ քշում էր նա փութաջան
դեպի առաջ
մինչեւ առաջին անկյունն ու չգիտեր
ի՞նչ անել դրա հետ այնուհետեւ
արեւը դրսում է – իսկ իմ մեջ
շարժվող բարկությունն է ավելի տակ
ո՞նց ազատեմ միտքս պատկերից այս
կամ վստահեմ կրկին
կուսական փայլին հավերժության
երբ ընկած շողի մեջ – հենց հիմա
հո~ծ ինչպես խողովակ մետաղական
տեսնում եմ դեռ կետագիծը շարժման
որ սկսվում է փոշու հիշողությամբ
ու բազմանում մինչեւ անվերջություն
փոշեհատիկ
դադար
փոշեհատիկ
………….
փոշեհատիկ
դադար
փոշեհատիկ