top of page

(խաղում են ֆիզիկոս հայրս եւ ձեռքը պատերազմում կորցրած քեռիս)


Եթե սկսվել է պատերազմը

ուրեմն այն պետք է եղել ինչ-որ մեկին

պատերազմը հաշվարկ է

ասաց հայրս

քեռուս զինվորը թեք պառկեցնելով

ես ոչ մի տեղ չեմ գնում

մտածում եմ

մինչեւ չմաքրեմ մոլորակը

վերջին արյան հետքից պատերազմի

մորս պես որ

տնից դուրս չէր գա

մինչեւ չհավաքեր վերջին փոշին

կամ ինչո՞ւ համաձայնեմ

ասեք

ապրել մի բանի մեջ որ սպանում է

պատերազմը միջավայր է

ագար-ագար

որի վրա աճում է որբությունը

ոչ մի տեղ չեմ գնա – վե՛րջ

մինչեւ չմոռանա վերջին մարդը

«պատերազմ» բառը հավերժորեն

ինչպես Ենոքը Սուրբ գրքի մեջ

ես ուզում եմ ապրել դրախտում

առանց նախապես մահանալու

հ.գ. ես կպառկեմ ու թող

իմ վրայով անցնի վերջին տանկը

ասում էր տատս ամեն անգամ

քեռուս շապիկի դատարկ թեւքը

հավասար վեր ծալելով երեք անգամ


bottom of page