top of page
Չնայած հոգնությանս անասելի
թռիչքից հետո երկարատեւ
(Լոսից Երեւան` Փարիզով ու նույն գիշեր
մինչեւ տատիս գյուղը անմիջապես)
շարժվում եմ շարունակ աջ-ձախ
բարձրաբերձ անկողնուս մեջ
բազմադոշակ
մինչեւ որ շներն ու աքլորները
լարային գործիքները ճշտելու պես
փոխում են ձայներն իրենց հետզհետե
հասցնելով մաքսիմումին ու այնուհետ
անհնար է քնելը բոլորովին
ուստի ես մեկ աչքս փակ
դուրս եմ նայում նեղլիկ պատուհանից
տոմոգրաֆիկ տեսողությամբ արեւմուտքցու
որ հակված է տրոհել ամբողջը
բարալիկ շերտերի հազարավոր
ապա կտրուկ շրջվում եմ ու ընկնում
պապիկիս անշարժ աչքերի մեջ
որ միացնում է առանց ճիգի
սատանան
կարկուտը
տիեզերքը
աստծուն ու կովերը
միեւնույն հայացքի մեջ ամբողջապես
հ.գ. նկարի շրջանակը թեքված է - թու
կենտրոնից բավական դուրս
չէ՞ր կարելի չափել նախ
խենթանում եմ
մինչեւ այն մեխելը պատի վրա
bottom of page