top of page
Դե բեռնվի՛ր նավ իմ
զույգ-զույգ
մենավոր ստվերներով արու և էգ
բռնվիր փեշիցս ու եկ լողանք
դեպի սև խոռոչը արևմուտքում
որտեղ պայտվում են ձիերի պես
սուտմեռուկ քամիները
պարբերաբար
դե բեռնվի՛ր նավ
դու ինձ միշտ տխրեցնում ես
փայտյա երկվորյակ իմ
ցցված քթով
քանզի լավ ճանաչում եմ
քո մենության հոգնությունը հսկայական
և գիտեմ քո վախը
ճանաչում եմ
սեփական երեխայի դեմքի նման
վստահի՛ր ինձ – ես նույնպես
կուրծքս առաջ
կռվել եմ ալիքի հետ մի ամբողջ կյանք
իմ վախն էլ նույնն է՝
քաղաքը
որ չկա` չի երևում նավախելից
մառախուղը
որ սոսկ մակարդվում է
տարաչափ կտորների օդից կախված
իսկ տները չեն երեւում
չկան
չկան
հ.գ. գնանք – ուր ունայն խոռոչի մեջ
որոտների ռիթմով շնչում է
սուտմեռուկ արարիչը պարբերաբար
այնտեղ
ուր պատրաստվում են քամիները
bottom of page