top of page
Միրաժ ու խաչանախշ
մի դուռ է
առանց եկեղեցու սակայն
ինչպես դեկոր
բացում եմ
ու ներս մտնում անապատ
միանգամից
Դեր Զոր – ավազը
դեղին
անշարժ
ինչպես մահացած ջուր
հեքիաթ եմ պատմում փշերին՝ հանց Շահրեզադե
լուսաբացին ավազն ինձ նվիրում է ոսկրե վզնոց
դե գնամ քույրեր
հարսներ
արդեն ուշ է
շնորհավոր ձեր քունը հարյուրամյա
ի՞նչ թուրմ կաթեցնեմ
ավազի ականջի մեջ
որ սիրուն երազներ պարգևի ձեզ
հ.գ. իմ զեխ կրկնվող երազի մեջ
նույն հարեմն է միշտ ու նույն փաշան
որ գալիս է խեր-շառ անելով
կուսաբույր թզբեհը իր պտուկաշար
ու լկտի նայում
աչքերիս մեջ
հ.գ. 2 ուզում եմ դնել անիվների վրա
սառցե պալատը աստվածների
ու գլորել մինչեւ Դեր Զոր
հալվելն եմ ուզում տեսնել ես
նրանց մարմինների` հաջորդաբար
կիզիչ արեւի տակ անապատի
bottom of page