top of page

ՀԱ՜-ՓՉԻ՛ ԿԱՄ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱԼԵՐԳԻԱ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՓԵՏՈՒՐՆԵՐԻՑ

Լսե՛ք ինձ

այլևս չեմ կրկնելու

թեկուզ խոսքս բոլորի համար չէ

այլ սոսկ նրանց

ովքեր ականջ ունեն լսելու

ասենք ոչ մեկդ էլ որ չլսեք

հոգ չէ –չեմ նեղանա

քանզի ե՛ս չեմ խոսողն այս իրականում

երբ հրեշտակն ինձ ծրարեց իր թևերի մեջ

և պարտադրեց կրկնել նույնությամբ

ինչ որ ասի

ինձ թվաց հայտնվել եմ դժոխքում

քանզի կրկնելը մեկ ուրիշի

պոետի պատիժնէ ամենամեծ

այնուհետ

ինչպես Մուհամեդին

տող առ տո՛ղ է տրվել ինձ այդ ամենը

շուտով կլրվի քսաներեք տարին

(հա՜-փչի՛)

ու կմարվի պարտքս վերջիվերջո

իսկ Արարչի մասին

հանց ներսի մարդ

մի բան կասեմ միայն

ՏԵՐԸ ԿԱ՛

մնացածի մասին (քանզի ընկեր չունի)

ստիպված եմ ենթադրել ե՛ս էլ

Իր արած գործերից երկրի վրա

Աստված կա՛ – լսո՞ւմ եք

այս մեկը ես ասում եմ

ծոմ պահելուց հետո

քառասուն ու ՄԵԿ օր ճշգրտորեն

(միշտ եմ ցանկացել գերազանցել Տիրոջը ինչ-որ հարցում)

մեղեդին պատրանք չէ – ինչ է թե

խուլը այն չի լսել երբևէ

այսինքն չլսեք էլ – ի՞նձ ինչ

խոսողը ես չեմ

միևնույն է

ես չեմ հեղինակը այս տողերի

հ.գ. ես կուզեի որ Հայր

հաջորդ անգամ

երբ շուրթերովդ դիպչես ունկերին իմ

դա լինի ոչ թե իմ միջոցով

ուրիշներին մի բան փոխանցելու

այլ ինձ ճանաչելու համար

անհատապես


bottom of page