top of page

Վաղուց էի ցանկանում գիտե՞ք

մի լավ հարց տալ Տիրոջը երբ հանդիպենք

– ամենաթող մենությանդ մեջ

ասենք՝ երբեմն

քեզ չի՞ թվում ողջն այս անհեթեթ

բայց հիշեցի Սոդոմն ու պարզ դարձավ

քանզի ես էլ քանի~ցս մոլուցքի մեջ

այրել եմ քաղաքներս թղթե

մեկ առ մեկ

ու

լլկվում եմ ես էլ մինչեւ օրս

երբ այցելում են ինձ ու ձեռք մեկնում

երգերիս ուրվականները մեծահոգի

անսա՛

ի՛նձ նայիր Տեր

բավական է զմայլվես ինքդ քեզնով

ստիպելով որ ե՛ս էլ հորս պես

դուրս նետեմ հայելիդ պատշգամբից

քանզի որքան էլ սքանչանաս

անթերի պատկերովդ անկրկնելի

(եղել եմ չէ՞ աղջիկ ես մի ժամանակ)

անկարելի բան է

որ մի օր

պատահականմի օր հենց այսպիսի

չմտածես

երկվորյակիդ մասին հեռո~ւ մի տեղ


bottom of page