Տիեզերք – որ քար ես ամբողջապես
փոշեկուլ անզգամ
աստղափոշի
ես քեզ տալիս եմ եզակի շանս
մեկ օրվա համար բացառապես.
օգտագործի՛ր մարմինս ինչպես ուզես
հանց վճարված մարմին պոռնկուհու
քրտնի՛ր մաշկով իմ ու մաքրվիր
կուտակված թույներից ընդերքիդ մեջ
ոռնա՛ ինչպես մայրը զավակ կորցրած
նվա՛ ինչպես քաղցած մանուկ
ճչա՛ հանց հիստերիկ կին
լացի՛ր մթության մեջ հեկեկալով
հազա՛ իմ կոկորդով և ազատվիր
ձայների մնացորդից
ճեղքերիդ մեջ
թքի՛ր առանց վախի անհունի մեջ
արարչության վրա ու Արարչի
քեզ ո՞վ է պատժելու – հիմար
ցնցվի՛ր իմ մկաններով վայրենու պես
թոթափելով փոշին հավերժության
ու երբ մաքրվես ամբողջովին
արալեզի պես լիզի՛ր
լերդացած մոլորակն այս
արնակարմիր
ինչպես շաքարաքլոր հսկայական
ապաքինի՛ր ողջը մանրամասն
մինչև քարը դառնա կարեկցանքի գործիք
փոշին՝ Աստված
կամ պարզապես զուտ փայլ
աննպատակ
հ.գ. վերջին անգամ եմ առաջարկում
կարո՞ղ ես վար դնել մի պահ
ուսադիրներդ աստեղազարդ
հավակնությունը քո հավերժության
ու գեթ մեկ օրով
լինել... այլ... բան...
հ.գ. 2 արտասվիր ու թրջվիր
հավատա`ինչպես ամենայն քար
դու նույնպես ավելի կգեղեցկանաս
երբ լինես թաց