top of page
Ենթադրենք այնքան էլ այն չեմ
ծաղիկ եմ ենթադրենք
տարօրինակ
ինձ էլ այդպե՛ս սիրիր
ինչ կա որ
ասենք այս մեկն էլ այսպիսին է
թա~րս
թերթիկները հողի մեջ
իսկ արմատները
անհեթեթ քամուն տված
չե՞ս կարող հաղթահարել ինձ
ինչ է –
մայր կա չորս աղջիկ ունի
ու չորսն էլ խենթ
երեկ ես քայլեցի ձեռքերովս
ջրերի վրա
ու ոչ ոք չնկատեց ինձ
չասաց` ամա~ն
ասես թռչուն էի ես
ակրոբատ
ոչ թե կին
ձո՛ւկ դարձա զայրույթից
ու նետվեցի
ձկնորսի դույլի մեջ
այնուհետեւ
իսկ նա խաչ արեց շտապ
հայացքը վեր
– փառքդ շատ Տեր
ասաց ու Քե՛զ օրհնեց
Քեզ
մինչեւ տուն
ամբողջ ճանապարհին
բայց ես բողոքո՞ւմ եմ
իհարկե ոչ
bottom of page