top of page

ԵՐԿՆՔԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆՇԱՆՆԵՐ

(դե իհարկե դո՛ւ ես փչում ծուխն այդ երկնքից վար, էլ ուրիշ ո՞վ)


Ծուխն իջնում է

ապրես

քուլա-քուլա

ու մտնում ծխնելույզը հորիզոնում

(պատշգամբից երեւացող գործարանի)

դրանք քո՛ շրթունքներն են

էլ ուրիշ ո՞ւմ

զբաղված ծխախոտով անվերջորեն

քո՛ կոպերն են ծածկված աստղափոշով

բազմապատկված փայլով անքնության

տեսնում եմ մերկ կուրծքդ – իսկ դու

մինչ ծնկներդ խրված Աստծո մեջ

քո ձեռքերն են – էլ ո՞ւմ

բարակ-երկար

լուսավոր երակներով` անսպասելի

ձանձրույթից գծում ու ջնջում

վայրենի զիգզագը կայծակների

– իսկ լեզո՞ւդ… ա՛յն ինչո՞վ է զբաղված… հը՞

ես հարցնում եմ ճանճից պատուհանիս

որ sex-ից հետո արդեն երկար

իր աչքի ինքնաբավ ոսպնյակը

zoom է արել ու անշարժ պահել

բացակա

բայց կոնկրետ մի բանի վրա

Eurica

ծափ ու էլի ծափ

ինձ հենց այս չափն է պակասում

մոնումենտալ չափը հենց այս

ճանճի լրջության ու սեւեռումի

որը սոսկ ժամանակի՛ խնդիր է

այնպես որ – սպասի~ր

սպասի՛ր

հ.գ. երազումս չգիտես ինչու

այցելում է ինձ Էյնշտեյնը

այլ ոչ թե դու

ալեհեր

չհարդարված

ինչպես չարաճճի Աստված ակնոցավոր

կլոր ոսպնյակների տակից

հանում

ինձ ցույց է տալիս լեզուն իր

ու ծիծաղում

Նվիրում եմ երկնաբնակ ընկերոջս` Վահանին


bottom of page