top of page

ԵՎ ՆԱ ԿԱՍԻ՝ ԵՂԻՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

(ի հեճուկս աշխարհի արնածարավ տերերի)


Եթե շունդ բավական ժամանակ է ինչ

չի ուզում կատարել հրամանդ

քո նետած գնդակը ետ բերելու

ավելին

չի լիզում այլեւս կոպերդ

աղերսելով դուրս տանել առավոտյան

եթե կատուդ դադարել է մուկ որսալ

բավական չէ

քո սիրած բազկաթոռի թավիշը

անմխիթար բզկտել է այն աստիճան

որ փայտն է երեւում արդեն տեղ-տեղ

եթե թռչունդ

քեզ անհայտ ինչ-ինչ պատճառներով

չի երգում այլեւս առավոտյան

եթե ձկնիկդ

չի խայտացնում պոչն ու միայն ծույլ-ծույլ

դատարկ օղակներ է փչում դեմքիդ

պոե՛տ որդեգրիր դու հաջորդ անգամ

մի փոքրիկ անկյուն տուր

թուղթ ու գրիչ

չնչին պահանջներով այս արարածին

ու տես ինչպես

շունդ ետ է բերում գնդակը քո

ատամներով բռնած ինչպես ձագին

կատուդ դնում է ոտքերիդ տակ

փոքրիկ մկնիկին նվերի պես

թռչունդ նոր երգ է նվիրում

Աստծո ամեն մի լուսաբացին

ձկնիկդ գրում է ջրի մեջ –

հայտնություն – պոչը խաղացնելով

մինչդեռ դու երազում ես աչքերդ բաց

իհարկե հենված թիկնակին

քո սիրած թավշե բազկաթոռի

մաքուր

ու

նոփ-նոր ինչպես առաջ

հ.գ. պոե՛տ որդեգրիր ու տուն տար

լողացրու

հարդարիր մազերը

կտրիր եղունգներն ու պատվաստիր

ռոբոտիզմի դեմ ու ձանձրախտի

փա՛կ պահիր դռներդ որ նա

չդառնա երբեւիցէ թափառական

հայտնվելով shelter-ում պոետների

որտեղ նրան կքնեցնեն երեք օր անց

մտցնելով կարմիր գրքի մեջ

նրա հսկա սիրտը հանց կետաձուկ

փայլուն

ներառող ամենայն ինչ

կյանքը վերածելով սեւ ու սպիտակ

թվային խաղի սովորական

որն ընդհատում է ինչպես գովազդ

իրական կարմիրը պատերազմի

հ.գ. 2 ցանկացիր տեսնել աշնան սկիզբը

արդեն իսկ մերկացած անտառի մեջ

ու ես` պոետս

ետ կկարեմ ճյուղերի վրա

բոլոր տերեւները հաջորդաբար

մի՛ վատնիր շունչս համոզելով

պոե՛տ որդեգրիր ասում եմ

ժամանակ չկա

արագացրու


bottom of page