top of page

ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(ինձ միայն մորս լացը ետ կպահեր պատերազմից,- ասաց ոտքը կորցրած մի զինվոր)


Երբ արթնացա` զինադադար էր արդեն

բայց դա էական չէ

քանզի երազումս

նա կանգնած էր հպարտ

նոր ոտքերի վրա – փայտե

դռների միջեւ ու նայում էր ինձ

անզիջում` ինչպես մահը

– ներս եկ ես վաղուց էի սպասում քեզ

երազս` օրթոպեդի երազ

լցված հենակներով ու պրոտեզներով

– Ինձ միայն մորս լացը ետ կպահեր

պատերազմ գնալուց` հաջորդ անգամ –

ասաց զինվորը

որ կորցրել էր ոտքերը անցյալ գիշեր

– ես ատում եմ պատերազմը – ճչացի ես

ես ատում եմ պատերազմը եւ ամեն բան

որ կապված է անվան հետ պատերազմի

ես ատում եմ օդը պատերազմի

ես ատում եմ հոտը պատերազմի

ես ատում եմ հողը պատերազմի

ես ատում եմ ջուրը պատերազմի

ես ատում եմ համը պատերազմի

ես ատում եմ ձայնը պատերազմի

սա է իմ անտաղանդ երգը նոր

որ կրկնում եմ առավոտից

ինչպես մանթրա

մինչեւ քուն մտնելս անկողնու մեջ

առավոտը բացվում է ճչոցով

հանց արնոտ վերք

– հազար մարդ է զոհվել հողագնդի վրա

երեկ` առավոտը դեռ չբացված

որոնցից հարյուրը Արցախում

որը չի երեւում քարտեզի վրա

անցել է ձիերի ժամանակը

հազար լծկան պետք չէ այլեւս

հազար շեփոր պետք չէ առավոտյան

ոչ էլ հազար փիղ զրահապատ

փոխարենը

հազար լացկան մայր է պետք մոլորակին

որ վերջանա պատերազմը երկրի վրա

իսկ մինչ այդ կրկնելու ու կրկնելու եմ

ու ոչ ոք թող չփորձի ընդհատել ինձ

ոտքերս ծալապատիկ ինչպես մայր յոգ

կրկնելու եմ անհոգնում` աչքերս փակ

ես ատում եմ օդը պատերազմի

ես ատում եմ հոտը պատերազմի

ես ատում եմ հողը պատերազմի

ես ատում եմ ջուրը պատերազմի

ես ատում եմ համը պատերազմի

ես ատում եմ ձայնը պատերազմի…

հ.գ. հայրս ճիշտ էր` ձիերը կարող են ծիծաղել

եթե հաջողվի մի օր ջնջել

պատերազմը նրանց հիշողության միջից


bottom of page