Գյուղի կիրակի – օրն սկսվում է
մկան ճստճստոցով մոտիկ մի տեղ
դու քնի՛ր
չընդհատես հանկարծ
մորթիդ դռռոցը երջանկության
մաշված ավելիս տակ
երկարապոչ
եթե սոսկ դա՛ լիներ քո գործը Պաբլո
վաղուց էի վռնդել քեզ
ու դու գիտես
մի՛ քնիր
ավելի շուտ` նայիր ի՛նձ
քո ծույլ հայացքի տակ ամենատես
սկսում է ինձ դուր գալ կարծես թե
«ավելով պարը» առավոտյան
իմ այս պտտվելը երկար փեշով
սրբելով հատակը և ամեն ինչ
քեզ նման ես նույնպես չեմ սիրում
զզվելի վայնասունը փոշեկուլի
ահա և սերս – ներս եկ
ծանոթացի՛ր Պաբլո
սա սերն է իմ
ես նրան պատմել եմ քո
«գտնել` առանց որոնելու»
հանճարի մասին
նաեւ
քո պարզապես լինելու ձեւի`
առանց վեհ նպատակի ամպագորգոռ
գյուղի կիրակի է Պաբլո
դո՛ւրս կորիր անկողնուցս անմիջապես
(ի դեպ դու դռռացնում ես ամբողջ գիշեր)
սերս այստեղ է ու բացի այդ
ձանձրալի է քնելը հանճարի հետ
երկուշաբթի առավոտ
ես սիրված կին –
նա գնա՛ց Պաբլո արի խաղանք
դե լավ նախ լիզիր
ինչպես կուզես
նայիր աչքերիս մեջ Պաբլո
չլինի՞ այդ դո՛ւ ես խաղում ինձ հետ
հ.գ. երկուշաբթի առավոտ
ես սիրված կին
ճկվում եմ ու փչում օդում
կահույքի փոշին
վայելչորեն
ինչպես խատուտիկը հավերժի մեջ