top of page

ԳՅՈՒՂԻ ՏԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

(երբ սրտիս ցուրտը համընկնում է գիշերվա ամենացուրտ կետին)


Ճիշտ էր ասում տատս

որ եթե հայելին կոտրվի

վատ բախտ կունենամ ես

յոթը տարի

մեկ-մեկ

սիրելիներս կորչում են

բաց երկնքում

մանկան թռցրած

կայտերի պես

ձեռքիս մեջ թողնելով

սոսկ բարակ թել

կամ իրենցից մի բան

անկողնուս մեջ

որտեղ ես չեմ քնի

պա՛րզ է

այսուհետև

այսօր տաք օր է – թեպետև

երեկ անձրևեց ամբողջ գիշեր

աչքերիս սեւ ներկը հոսել է

այտերովս՝ հավասար վար

ես նման եմ հիմա ծաղրածուի

նկարված արցունքներով

եռանկյունի

ի՞նչ բառ

առաջինը ծու՛խն էր

հետո թռչուններն են արթնանում

իսկ աքլորը կանչում է

ավելի ուշ

ու սա ես չեմ ասում

պարզապես

քանզի այն հնչում է

երգիս մեջ

ավելի լավ

ես իրո՛ք արթնացել եմ գյուղում

փայտի ճթճթոցից վառարանում

ցրտի հերոսական ճիգի ժամին

երբ ըստ պապիս

գիշերը վերջին փորձն է անում

հանձնվելուց առաջ

առավոտին

տատս ճիշտ էր

ես վատ բախտ ունեցա

այդուհետև

սիրելիներս կորչում են

ահավասիկ

ինչ-որ բան

մոռացած

բարձիս վրա

իսկ քամին

ա՜խ ինչ արագ է լցնում քամին

նրանց դատարկ տեղերը անկողնուս մեջ

որտեղ

պա՛րզ է

ես չեմ քնի

մեռցնես էլ չեմ քնի

այսուհետև

հ.գ. կյանքս` խաղ երաժշտական աթոռների

սիրելիներս մերթ պարում են ու մերթ չկան

համբուրվո՞ւմ են կողքի մութ սենյակում

թաքուն ուրիշի հետ

թե՞ մահացել են ու այսուհետ

չեն հայտնվի իմ կողքին

երբեւիցե


bottom of page