top of page

ԱՄԵՆ ԳԻՇԵՐ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ

(մահանո՞ւմ եմ ինչ է – չհասկացա)

Քնելուց առաջ միշտ նույն ժամին

հանց փոստային աղավնի

ես ազատ եմ արձակում Աստծուն

երկու ձեռքով

ասում թռիր

որպեսզի մենակ դիմավորեմ

երբեմնի հրեշտակ այդ սատանային

– նա միայն աքսորված հրեշտակ չէ

ժպիտ ու քայլվածք է նաեւ որոշակի

– տատս ասում էր

ու պառկած սպասում եմ նրան

աչքերս փակ

սատանան ինչ գիտի չէ՞

որ ես մորիցս ժառանգել եմ

թափանցիկ կոպերը նրա

այնքան բարակ

որ կարող եմ տեսնել նաեւ

փակ աչքերով

հ.գ. մինչ այդ հայտնվում է Ջորջ Քլունին

(կիսատ երազից մեկ ուրիշի՞)

ու փորձում իմ ձեռքով իջեցնել

իր ջինսի շղթան պղնձաձույլ

մի պահ հապաղելով

վերջին շատ մոտ

ու հենց դրանով ֆիքսելով

մետաղի սառնությունը

արյանս մեջ


bottom of page