(Տագնապ)
Ուիթմենի հիշատակին
Եթե ճշմարիտ է
որ մարգարե է
դառնում ամեն մարդ
մի օր
իր կյանքում
այսօր իմ օրն է...
թմրամոլներ ու գինեմոլներ
միասեռականներ ու տարասեռականներ
պոռնիկներ և կույսեր
հավատացյալներ ու անհավատներ
դուք
որ ձեր մանկամիտ
սիմետրիկ երազներում
մերկ եք
ու տեսնում եք
ստինքներ ու առնանդամներ
լսե՛ք
քաղաքում հայտնվել են
նոր տեսակի մոլիներ
(գազամոլներ են կոչվում նրանք)
որոնց բաժակներում
մակարդվում է ցեղի արյունը
որոնց արբեցումից
բարակում է օզոնի շերտը
և
որոնց երազախաբությամբ
տապալվում են երկնաքերները
բոլոր երկրների
թմրամոլներ
գինեմոլներ
սեռաշփոթներ
պոռնիկներ
հավատացյալներ
ու
անհավատներ
ուզո՞ւմ եք... միանանք
քանի դեռ ուշ չէ
ու
հայտարարենք
Global գազադուլ
քանի դեռ չի կլոնվել
գազամոլ դևի գենը
ու
քանի դեռ
մթնոլորտի ջերմաստիճանը
չի հասել
դժոխքի ջերմաստիճանին
իսկ գուցե ո՞ւշ է արդեն
թմրամոլներ ու գինեմոլներ
միասեռականներ ու տարասեռականներ
կույսեր ու պոռնիկներ
հավատացյալներ ու անհավատներ
(ձեզանից յուրաքանչյուրի գենը
հավասարապես կարևոր է
նոր Աստծո համար)
խնդրում եմ
անշշուկ
մոտեցեք
հաջորդ
...տապանին
(և թող նրանց մնա իրենց ձեռքով
պատրաստված դժոխքը)
(այսօր ուզեցի
վերջից սկսել իմ պատմությունը
ինչպես երևի
սրբերն են արել
Ավետարանում)
դուք...
որ հավատացել եք
դժոխքի և
դրախտի
պատմություններին
պարտավո՛ր եք
պարտավոր եք հավատալու
և ինձ
եթե ճշմարիտ է
որ մարգարե է
դառնում ամեն մարդ
մի օր
իր կյանքում
այսօր իմ օրն է...