top of page

Տեսնո՞ւմ ես…սերիմ

Տեսնո՞ւմ ես… սեր իմ

կանաչ խոտի վրա

ցանկությունից ճկված

անշարժ կորը օձի

մանկան գլխից ընկած

ժապավենի նման

և 

կաղացող ամպն այն 

դեղին ու ծեր


հավատա ինձ 

ընկեր


հանուն ներկա օրվա

պատրաստ եմ զոհելու 

հավերժությունն անձև

լուծված սահմաններով

և անցյալս ամբողջ

ինչպես հսկա մի օր         

սխալ հերթադրված

փարթամ ծիածանով


այսօ՜րը… 


(ծիծաղիդ հնչյունները

օդում վստահորեն կախված)


ճշգրիտ օվալը հեզ

լո՜ւռ 

ասֆալտին հակված

դեղին այն լապտերի

աստվածամոր նման

տխուր բայց լուսավոր


տես … տեսնո՞ւմ ես… սեր իմ

զսպված հրդեհը լուռ

մեռնող արեգակի

ինչպես սաստված գազան

հորիզոնում


մահն ի՞նչ…

խաղը հողի

ոսկրի


արի քայլենք

ընկեր

ընդդեմ երեկների… 

դանդա՜ղ

  

դեպի նավահանգիստը

իմ

թղթե նավակների…


bottom of page