top of page
(գուցեև կույր է մահվան հրեշտակը)
Եղբա՛յր
տեսնո՞ւմ ես թռչունին այն
որ ճախրում է խաչից վեր
զանգակատան
(այսպիսի՞ն է լինում Հայր
տեսարանը
մահացողի պատուհանից
սովորաբար)
բժիշկը վստահ է
որ չես ձգի մինչև լույս
ես դնում եմ կոշիկներդ տոպրակի մեջ
ա՜խ... ինչպես կկոտրեի
մահ`
սառցե դեմքդ
բարակ կրունկներովս այս մետաղական
գալով Քեզ` Հայր
Դու ամեն բան արել ես
որ ատենք Քեզ ազգովի
ու
անհատաբար
բայց միևնույն է մի մեծ խումբ - վախից`
դեռ զբաղված է երգելով փառքիդ համար
ի՞նչ օգուտ որ
վերևում է արեգակը...
ցուրտը խորանալով դառնում է դող
գրկվենք ու հավասար խղճանք իրար
ի՞նչ գիտես
գուցե ինձ է տանելու հենց լուսադեմին
մահվան կույր հրեշտակը նիզակավոր
bottom of page