Միտքս`
հրաշագործի փայտիկ
աչքերս փակ
նստած դիտում եմ կյանքը
իմ գրած թատրոնի պես
երբեմն միջամտում եմ մի փոքր
ընդհատում եմ մի ֆալշ...
մի բան
կամ խորտակում մի նավ
անակնկալ
եթե քնել եմ այդ գիշեր
գոնե մի ժամ
շնորհս`
բաց լար էլեկտրական
որ ցնցում է մարմինս անսպասելի
բաժանելով հակադիր երկու կեսի -
լույսն Աստծո դիպչում է մաշկիս
ճիշտ անկյան տակ
և
տեսնում եմ ես դևին իմ մեջ ապրող
ձախ ձեռքս խավար է արարում
աջ ձեռքս արև է շպրտում վեր
- զգուշացիր թե ի՞նչ ես անում
ո՞ւմ հետ ես
և
ի՞նչ է վերջին հոգսդ
մահից առաջ
լոկ դրանք են բարձրանալու քեզ հետ երկինք
ու զբաղեցնելու քեզ այնտեղ
հավերժորեն -
ասաց հայրս մահվանից վեց օր հետո
ու
ներծծվեց կրկին խավարի մեջ
հիրավի...
երանի ուրվականին էթիլային
որ ցնդում է օդի մեջ աննկատ
այլ ոչ մահանում ժամ առ ժամ
վերջույթ առ վերջույթ մարմնի նման
լալով խնդրում եմ լավ աչքիցս
որ փրկի ինձ վատ աչքիս կախարդանքից
աջ ձեռքով հրելով մահվանը
մի փոքր ետ
Պրոսպերոյի նման
ե՛ս էլ որոշել եմ - վերջում
հրաժարվել ուժից իմ
հրաշագործ
պատռել-դեն նետել գրքերս
ու
մտածել միայն մահվան մասին
... միայն մահվան