top of page

Պապս...

քահանա էր

նա

Աստծուն

հավատում էր

առավոտյան

ժամը իննից

մինչև

երեկոյան

ժամը վեցը

իսկ վեցից հետո՝

հանգստանում էր

հայրս...

ֆիզիկոս էր

նա

իննից վեցը հերքում էր

Աստծուն

իսկ վեցից հետո

գաղտնի

հավատում

հորաքույրս

բոլոր

սիրային

նամակները իր

պահում էր

մաշված

Ավետարանում

հայտնությունների

հերթականությամբ

նա

ընթերցում էր

Աստծո խոսքը

և նամակները

դեմքի

միևնույն

արտահայտությամբ

և

երկուսին էլ

նա

հավատում էր

միայն... կիսով չափ

հենվելով

նրա

առեղծվածային

ժպիտի վրա

(բանալու անցքից)

դժվար էր ասել

թե

հորաքույրս

ո՞ւմ էր նախընտրում

փրկության

համար... այդ օրը

մայրս -

(քիչ էր մնացել

որ մոռանայի)

ժամանակ չուներ

հավատալու

կամ

չհավատալու

նա միշտ զբաղված էր

ոչնչից

ինչ-որ բան

արարելով

մայրս միշտ լառ էր

ես...

ժառանգել եմ պապիս

ցերեկահավատությունը

հորս իրիկնահավատությունը

հորաքրոջս ժպիտը

և

մորս ձեռքերը


bottom of page