(ոչ թե պոետեսա գեղեցկատես)
Քամին
ինչպես բանտի
վերակացու անսիրտ
հեգնոտ շվշվոցով
ինձ տանում է մի տեղ
ճիշտ ու կոնկրետ
ես
ուզում եմ սպանել
պարտադրված □ներկան□
ինչպես տգեղ վկա
վտանգավոր
ու
գրիչս եմ փնտրում
գրպանիս մեջ
ինձ տանում է քամին
(վերակացուն այդ նույն)
բայց ո՞ւր
ինչո՞ւ սակայն
այդ ո՞ւմ համար կամ ե՞րբ
զլացել եմ երգել
ես կարեկից մի երգ
կամ չեմ կորցրել ձեռքս
սրինգների դաժան
պատերազմում
ինձ տանում է քամին
վերակացուն բանտի
վայրի շվշվոցով`
փեշս թռցնելով
երկնքի մեջ
վաղվանից ես էլ -
վե՛րջ -
եգիպտական այն էգ փարավոնի նման
պիտի մորուք կրեմ
որ ինձ կոչեն ցինիկ
կին քամահրող-պոետ
ու մարմինս ջղայի՜ն
մաս-մաս անեն կանայք
քարը վզիս կապած
ծովը նետեն` գնա՜... երգի՜ր... ասեն հիմա
դու քեզ համար
ու ես
գնա՜մ... երգե՜մ
ինքս ինձ համար միայն
մինչև վերջին օրը
հավերժ ժամանակի
կամ
մինչև ափ նետի
հարազատի նման
ծովախոտով լցված
իմ գլուխը կանաչ
ապագայից եկող
...մի հին ալիք