Պապիկիս աչքերը` կլոր-կլոր
տեսնում էր ողջը միանգամից
մինչդեռ խոսելիս մանրամասնում էր
դարձնում մատչելի մինչև իսկ
վերջին հիմարին` խուլ ու համր
- ամպը չե՞ք տեսնում առանց գույնի
մի փոքր ճաքճքված այստեղ-այնտեղ
վարելահող է այն էլ սովորական
արտերից դեպի երկինք շարունակվող
մնացածը թիթեռներ ու գեղջուկներ
քաղհանող աղջիկներ կանաչ-կարմիր
քամին` խոտի հոտ փեշերի տակ
կոնքերը ծիսաբար երկինք տնկված
կրծքերը համարյա սևահողում
ժամանակը շոռաչ □քյոփակ□
մի աչքով սուտ քնած դեզերի տակ
գյուղը քարքարոտ բայց բեղմնավոր
իսկ տատս ինչպես կրկեսի կին
գլուխը շիկացած թոնրի մեջ միշտ
հացի հոտը խառնած խոտի հոտին
բոքոններ է կրակում դեպի երկինք
հայհոյանքը չոբան պռան-Պետու
գառների կենտրոնում անմիջապես
ուղղված Աստծուն
ոչխարներին
բայց ամենից շատ
քեռուս` նախագահին
որ անպատիժ էր մնում միևնույն է
դառնում ծիծաղելի մինչև իսկ
պատռված շրթունքի պատճառով
ու
թլիկության...
այնուհետ սեպտեմբերն է
դպրոցական
սայլն իջնում է
դխկդխկոցով բլուրից ցած
տատս ջուր է թափում իմ ետևից
(որ չի չորանալու մինչ մյուս ամառ)
թաշկինակը աչքերի մեջ - գլուխը ետ
իբր խոսում է մեկի հետ
ինչ-որ մեկի հետ անկարևոր
որին ես չեմ տեսնում այլևս
ու չեմ հիշի անգամ
եթե տեսնեմ
զառիթափի պատճառով
ու
այս փոշու