top of page

Շուտով կմթնի

ուզո՞ւմ ես քիչ անց

քսվիր ինձ վրա

ու արի գնանք

երազիս տունը

այնտեղ

որտեղ ես

դեռ անուն չունեմ

մերկ եմ

անսեռ եմ

ու ինձ անձա՜յն են

սիրում... բոլորը

շատ եմ ամաչում

բայց իմ երազում

Աստծուն

մատով եմ

կանչում երբեմն

բազմապատկում եմ

ձկները ճաշին

և

երեկոյան

հաճախ քայլում եմ

ջրերի վրա

ու

չգիտեմ իսկ

որ այս ամենը

կոչվում է հրաշք

ու Մեկն արե՜լ է

ինձանից

առաջ

իսկ հարությո՞ւնը

իսկ հարությունը

սովորություն է

իմ երազներում

ուր ես մեռնում ու

վերածնվում եմ

Քրիստոսի նման

երբ որ... ցանկանամ

ու էլի շատ բան

բայց ժամն է արդեն

եթե ուզում ես

կպիր իմ մեջքին

կաշվե խաչի պես

ու արի... գնանք


bottom of page