Այսօր կհիշեմ
անցածներին
իսկ ներկաները թող սպասեն
մի քիչ էլ -
ու բացի այդ
վաղո՜ւց
շատ վաղուց էի ցանկանում ես
մի լավ բան գրել
նրանց համար
ողջո՛ւյն քեզ
հայր իմ զավակների
համբույրի համար իմ առաջնեկ
տաճարի նորոգված գմբեթի տակ
և
գրկելուդ ամրության համար
այնքան կիպ
որ դարձրեց ինձ
միակ հղի կույսը Երևանի
և
քեզ` Ժակ Փեթիթ
որ ավելի ուշ
շփացրեցիր ինձ
Սենի ափին
կոչելով աղջկադ
իմ անունով
(Petit Sona-ն կլինի չէ՞ արդեն
մի քսան տարեկան համարյա թե...)
նաև քե՛զ շեղաչ վիրաբույժ
Կոնի-Չոնա
որ սովորեցրիր ինձ
հում ձուկ ուտել
բարձրացնել հատիկը
բրնձի
երկու փայտիկներով հանց ադամանդ
հընթացս
պտտելով դանակներդ գլխիս վրա
բրազիլացի անտունի
չարաճճի
(ինչ դժվար է դառնում հիշել ձեր անունները
կամաց-կամաց)
միակն իմ տարագույն աչքերով
(սև ու կանաչ)
որ համոզեցիր ինձ
գիշերել նստարանի վրա
բաց
երկնքի տակ
մինչև իսկ գլխարկդ ինձ
նվիրեցիր
որ սիրում էիր աշխարհում
ամենից շատ
քե՛զ Դենիս
տղա իմ
շոկոլադե
շռայլ շրթունքներով
ճաքած խմորի պես
որքա՜ն ճիշտ էիր
որ
քեզանից հետո
ինձ չի տիրելու ոչ ոք
քո եռանդով վայրի
ու
այդքան հաճախությամբ
Կրի՛շնա
աստված իմ
ծալապատիկ
բազմաթիվ ձեռքերով
արագաշարժ
որ խճճվում էին կրծքերիս տակ
զուգահեռ ցանկությունից անսպասելի
մազերդ երկար ու խռիվ
էպոսի աստծո մազերի պես
Աբրահամ... փաստաբան
դու անմրցելի
որ արդարացրիր ինձ
այնպես հստակ
նախկին կնոջդ մոտ
(նա ներս մտավ առանց դուռը թակելու ու անսպասելի)
որ ես ցատկեցի հետո զվարթ
անկողնու զսպանակի վրա
երբ նա գնաց
(դուռը հիստերիկ շրխկացնելով)
եգիպտացի սեր իմ
ատամնաբույժ
ողորմի քեզ երկնքում
Allah Akbar
դու
որ խախտեցիր Ռամադանը
թիկնաթոռի վրա
էլեկտրական
և
խոստացար ինձ
ծես ամուսնական
Հռոմի սուրբ Պետրոս
եկեղեցում
կամ
Էջմիածնում մինչև իսկ
միածնի խստադեմ
հայացքի տակ
փոխելով քառասուն կույսերին
հավերժահարս
մեղավոր մարմնիս հետ
մահկանացու
երգս ընդունիր հանց
ապաշխարանք
առ
երկու աստվածները մեր
վիճահարույց
հիմա՛ եմ հասկանում ես
(հենց գրելիս)
իսկական չափը քո
զոհողության
(թող ների ինձ սերս ներկա
ես նրան կանդրադառնամ ավելի ուշ)
սերե՛ր իմ հակիրճ
բայց փրկարար
ցցված քարե ուսեր
կյանքիս գետում
դո՛ւք եք պատճառը հիրավի
որ ես կամ
այսքան լկտի
ու
այսքա՜ն շռայլ
և
եթե չեմ հասել դեռ բաղձալի ափ
մեղավորը նախ դուք եք
ու նորից դուք