top of page

Մեկ օր տատիկիս հետ

(տատս վստահ էր... որ անուն ունեցող հավերը

ավելի շատ են հավկիթ ածում)

- Որքա՞ն ժամանակ է հարկավոր տա՛տ

որ կոկոնը բացվի կամ որ

ածի կրկին

Ջավիկ հավը

իսկ նա գրկում է ինձ

(հանց ռետինե տիկնիկ)

ու ամրացնում գլուխս իր

մեծ կրծքերի միջև`

այնքան ճիշտ կենտրոնում

ու ապահով

որ երբ վեր եմ թռչում

ամպի գոռգոռոցից

չեմ հասցնում վախենալ

մինչև անգամ

պապս` մինչև ծնկները միշտ հողի մեջ

որ տուն էր գալիս

նախիրից հետո սովորաբար...

այդ օրը ուշացել էր`

չկար

- պա՞պն ուր է

հարցնում եմ ես լրջորեն

ու մտահոգ նայում կովի անսահման

աչքերի մեջ

հ.գ.

կարոտել եմ ես քեզ այս դեզերից ավել

իմ շատ ֆոտոգենիկ

մայրական տատ


bottom of page