top of page
Ճաշից քիչ անց
երբ արևը
պատուհանիս ճիշտ կենտրոնում է
և Աստված
առիթից օգտվելով
իր հարյուր գրպանանի
պատմուճանը հագին
մի վճարովի
հաշվարկված հրաշք է փորձարկում
սեղանիս մոտ
(ասենք... ժամանակավորապես
կենդանացնում է ինչ-որ կոնկրետ
մի մեռյալի)
ես
այնուամենայնիվ
Նրան
չխոցելու համար
փորձում եմ զարմացած ձևանալ
և ճիգով... կլորացնում եմ աչքերս
իսկ սերե՜րս
լայնեզր օրերիս միջով
մե՜րկ
առանց հրաշագործի կեցվածք ընդունելու
սահում են
անկանխատեսելի հաջորդականությամբ
ինչպես գունավոր թաշկինակները
աճպարարի միջանցիկ գլխարկով
և իսկապես... անհետանում
ան-վերադարձ
bottom of page