top of page

Հարակից խցիկներում` կաթոլիկ քահանայի հետ

(կամ խոստովանություն Հռոմում)

... շուրթերը համբույրներից չեն մաշվում,

այլ նորում են, ինչպես լուսինը:

Բոկաչչո

Աստծուն ուսիս դրած

ինչպես մանուկ

ես մտնում եմ եկեղեցի կիրակնօրյա

զգուշավոր կռացնելով Նրան

կամարի տակ

սիրում եմ կաթոլիկ

քահանային

ճերմակ օձիքը օսլայած

ինչպես նորահարսի սավան

մեղքի պատրաստ

աշխատող ձեռքերը` զբաղված միշտ

խաչաձև շարժումները պարբերաբար

- խոստովանի՜ր աղջիկս - խոստովանի՛ր

- տեր հայր ամաչում եմ

սակայն երեկ

երեք տղա սիրեցին ինձ նույն անկողնում

հարցս այն է... թե ինչո՞ւ էր

առավել հեշտ

բաժանվելը երեքից քան մեկից սոսկ

ու մեկ էլ պոետ եմ սիրառատ

արարչի պես

հազար կին է մեղանչում

այս պահին

իմ մաշկի տակ

ու եթե հազար տղա է միանգամից

ցանկանում ինձ

ես ինչո՞ւ եմ պարտավորված

ընտրել մեկին

սիրում եմ նախշավոր ցանցը երկաթե

մթության քանակը ցանկահարույց

ու հո՛պ անակնկալ լույսի փունջ մի

փոշեհատիկը տասն անգամ խոշորացված

իսկ մեղքերս փոքրացած

այնքա՜ն

որ ճկվում անցնում են անցքերով նեղ

- Փրկիչը ներել է խաչողին իր

խոստովանի՜ր աղջիկս - խոստովանի՛ր

սիրում եմ կաթոլիկ քահանայի

կա-չկա շրթունքները շտրիխավոր

ստվերի պատճառով մետաղական

ավելացող փայլը աչքերի մեջ

հերթական անունի հետ սիրեցյալիս

- Մուկո՞ւչ... ինչ Մուկուչ... դա Գեղամն էր

չէ՛ Հակոբը

Մուկուչը բանակում էր այդ ժամանակ

- Տերը ներել է մինչև իսկ խաչողին իր

խոստովանի՜ր աղջիկս - խոստովանի՛ր

հոտավետ մեղքերի խնկաբույրում

սիրում եմ լսել շաբաթը մեկ

էրոտիկ պատմությունը քահանայի`

□մեղավոր կինը` կրծքեր լիզող

կրակի լեզվակներով հազարավոր□

քահանայի ձայնը` աֆրոդիզիակ*

դրամատիկ կոնտրալտոն լռության մեջ

որ ճիշտ է

ակնարկում է ցավի մասին

բայց ոչ տառապանքի ամբողջական

սիրտս ցատկոտում է պատեպատ

մարմինս` պատրաստ բազմանալու -

կեցցե՛ս դու քահանա կաթոլիկ

պատմության համար քավարանի

որ պահպանել է ցանկությունը -

ցայտաղբյուրը սերմի մինչև երկինք

ու

հենց Քե՜զ

Արարիչ հայր

Քե՜զ

դրախտի արգելված պտղի համար

որ փրկել է կիրքը ժանգոտվելուց

առաջին գիշերից մինչև հիմա

արժե՛ քեզ պաշտել հավերժորեն` ծնկի վրա

մինչև իսկ եթե սա է գրքիդ մեջ

քո միակ հրաշքը իրականում


bottom of page