top of page
Շաբաթը մեկ
ես
բացում եմ
պահարանս
խունկ եմ ծխում
խաչ եմ հանում
աղոթում եմ
ու
թերթում եմ
հագուստներս
հաջորդական
մեղքերիս պես
մի քիչ հետո
ես
ձեռքիս հետ
դուրս եմ քաշում
մինի փեշս
որը
մի կարճ
գովազդի պես
խցկվել է
երկու
երկար
շորերիս մեջ
կարմիր շորս
ես
թերթում եմ զգուշորեն
որ պահպանվեն
քո ափերի
սրթսրթացնող
դրոշմները
կրծքիս վրա
մետաքս
շապիկիս
դիպչելուց առաջ
ես
սովորաբար
երկու անգամ եմ
խաչ անում վրաս
մեկ-մեկ
ամոթից
նայում եմ ներքև
և
տուփերից
աչքերիս են նայում
հոգնած
կոշիկներս
կաթողիկե
հայրերի պես
որոնք գիտեն
հասցեները
իմ մեղքերի
բայց
լռում են...
bottom of page