top of page

Ինչո՞ւ չսպասեցի մինչեվ վերջ

Մանկությանս

պատկերներն անկշիռ

գունավոր փուչիկներ

գազով լցված

բարձրանում են վեր

ավելի՛ վեր

ու մնում կախված

տանիքիս տակ

ահա մեր գյուղը

տները կույր

տափակ փողոցներ

տգեղ մարդիկ

անհավատ տեր հայրը

աճպարար

գաղտնի գրպաններով

փիլոնի տակ

տատիկիս

լվացքը ընդհատված

պարանը թեքված

ծիծաղելի

գալիս են ծանոթ

ու

անծանոթ...

բոլորինն է մեռյալը

այս սարերում

գալիս են

սև ու մուգ սև

անփույթ պտտվում

սեղանի շուրջ

(սևի այսքան երա՞նգ` չգիտեի)

արծաթե երեք մազ

բարձի վրա

հասցրել են փրկվել

հրաշքով

ցմպապա էր հետո

ու դուդուկ

դա փոս չէր

անդունդ էր անհնարին

(ողջ գյո՞ւղն էր թաղվելու

տատիկիս հետ)

մի բան զուսպ փլվում էր

կրծքիս տակ

ափիս մեջ սեղմած

ավազի հետ

թմբի շուրջ թափորն էր կլոր

բազմաթև սև վարդ

սարի գլխին

ես

որ սիրում էի

մայրամուտը

ինչո՞ւ չսպասեցի

արեգակին


bottom of page