top of page

Ինձ

այս քաղաք

մտցրին գիշերով

երբ քնած էին արդեն

մուրացիկները

տուփերի մեջ

դրեցին ինձ

շարքի մեջ

նախկին աղքատների

ու հեռացան զգուշավո՜ր

մատը շուրթին

այդպես պապս էր նոր հավ ավելացնում թառի վրա

հագիս նախընտրական շապիկ

կրծքիս իշուկ

ես արթնացա ասվածի պես

բոլորից ուշ

նայեցի աղբամանին ու

հորանջեցի

իբր վաղո՜ւց եմ այստեղ ես

այնքա՜ն վաղուց

որբի պես

անեզր քաղաքում այս

ես ազատ եմ քնելու

որտեղ ուզեմ

ինձ կանչել են սխալ

անուններով բազում

անվանել են Սոնջա

Սանիո

Սո՛նի

Սոնամե անգամ

վրացի մի տղա անցյալ ամառ

ես նայել եմ առաստաղին անտարբեր

խորքումս ուրախ

որ ես չեմ ուրեմն

մերկ աղջիկն այս -

հազար-օտարի անկողնու մեջ

իսկ քաղաքն ինձ չսիրե՛ց

միանգամից

դիմադրեց կույսի պես

մի ընթացք

մինչև հողն ինձ ընդունեց

երկրաշարժով

ցնցելով ինձ հավասար

բոլորի հետ

բայց քաղաքը ի՛մն է

քինոտ չեմ ես

քաղաքն իմ հաշվարկված հրաշքների

աղբատարը նախ դիակներ է բեռնում

ապա լվանում են ասֆալտը

ջրցան մեքենայով

մանրամասն

այդ ես եմ թրջված միմոսը թաց մայթերի

գրպաններիս մեջ բազում բառարաններ

ուզո՞ւմ ես ճկվեմ ինչպես անիվ կլոր

ու գլորվեմ մինչև լցակայան


bottom of page