top of page
Մի օր
ես քմահաճորեն իջեցրի
կոպերը զսպանակավոր իմ տիկնիկի
ու նա իսկապես
մեռավ
իր հետ տանելով մանկությունս
(թեպետ խաղ էր այդ ընդամենը)
ճշմարտությունը սա է այսուհետ
երկուշաբթի առավոտը այս
չվճարված պարտքերը ծրարածալ
աղբարկղը` բերնեբերան լցված
չստացված երգերով պատառոտված
երթուղային տաքսին չլվացված
աղբահավաք մեքենայի զանգը`
խիստ վերջնական
դեռ մինչև վերջ չբացված օրվա համար
և վերջապես
մայ՜րս – (հոգնած Աստված)
դեռ շորերով քնած խոհանոցում
ուզում եմ կռանալ (ինչպես գյուղում)
ու շուրթերով վերցնել զգուշորեն
կնճռոտ մաշկը դեմքի
հանց կաթի սեր
(մերկացնելով տակի շերտը մանկան պես հարթ)
- ա՜ղբ... ընդհատում է վարորդը վերջին անգամ
բացում եմ դուռը և հրա՜շք
կաթով լի շիշ է
գետնին դրված
առանց ցած իջնող
ոտնահետքի
bottom of page